14 апр. 2012 г.

Ծխախո՞տ, թե՞ առողջ ապրելակերպ


                                         
 Հաճախ ենք լսում այս արտահայտությունը. «Ծխելը վնասակար է առողջությանը», իսկ թե ինչպե՞ս է վնասակար, այդ մասին շատ քիչ գիտենք: Մենք մի փոքր կբացենք փակագծերը` խոսելով տվյալներով և ներկայացնելով օրգանիզմի վրա ծխախոտի ազդեցություններից մի քանիսը:
    Օրվա ընթացքում ծխողների սիրտը կատարում է շուրջ 10-15 հազար ավելորդ կծկումներ: Սիստեմատիկ ծխելու դեպքում սրտի անոթները նեղացած են, նվազեցված է թթվածնի մուտքը դեպի սրտամկան, ինչը սրտին բերում է խրոնիկ գերաշխատանքի:
  Ծխախոտի օգտագործումից սրտանոթային համակարգի խանգարումները դրսևորվում են սրտի ռիթմի արագացված հաճախականացմամբ, ճնշման բարձրացմամբ, առիթմիայի առաջացումով, նիկոտինային նեյրոդիստրոֆիան` սրտի նյարդերի, հանգույցների և տանող ուղիների  ախտահարման  ձևով, միոկարտի իշեմիայով:
        Նիկոտինը ծխելու ընթացքում ձևավորվում են թունավոր նյութեր: Դրանցից 200-ից ավելին վտանգավոր են օրգանիզմի համար:  Բացի նիկոտինից, դա եթերային յուղեր են, ածխածնի օքսիդ, ածխածնի երկօքսիդ, ծխային կուպր,         ռադիոակտիվ նյութեր: 
       Ծխախոտային ծուխը պարունակում է ազոտ, ջրածին, արգոն, մեթան և ջրածնային ցիանիդ: Մարդն օրվա մեջ ծխելով 20 ծխախոտ, ստանում է ճառագայթման այնպիսի չափաբաժին, ինչպիսին կստանար, եթե տարվա ընթացքում 200 ռենտգենյան նկար անեին իրեն:
           Եթե երկար տարիներ ծխողներից որևէ մեկի մոտ չի առաջացել թոքերի քաղցկեղ կամ սիրտ-անոթային խնդիրներ, ապա դա միայն այն պատճառով, որ նա մինչ այդ չի ապրել կամ էլ մահացել է այլ հիվանդություններից: Հաստատված է ծխելու կապը  ոչ միայն թոքերի, այլև շուրթերի, բերանի շրջանի քաղցկեղի առաջացման հետ: Ծխելն ինքնին բարդեցնում է այնպիսի պարզ հիվանդությունների ընթացքը, ինչպիսիք են`      գրիպը, անգինան, սուր շնչառական վիրուսային վարակը: 
    Ծխելը իջեցնում է օրգանիզմի իմունիտետը և խաթարում նորմալ նյութափոխանակության գործընթացը:
Ծխախոտի կործանիչ գործողությունները չեն սահմանափակվում ակտիվ ծխողի օրգանիզմում տեղի ունեցող փոփոխություններով: Գտնվելով շատ ծխողների շրջապատում, չծխողը կարող է պասիվորեն ներշնչել այնքան քանակությամբ ծուխ, որը համարժեք է օրա ընթացքում ակտիվ ծխվող 3 ծխախոտներին:
      Պասիվ ծխելը կարող է երեխաների մոտ ասթմայի առաջացման անմիջական պատճառ հանդիսանալ: Երեխաները, ովքեր չունեն ասթմա և     ում ծնողները ծխում են, հաճախ են հազում, մրսածություն ունենում և հիվանդանում գրիպով: Նույնիսկ երբեք ծխախոտ չօգտագործած երեխաների մոտ կարող է ձևավորվել հակում ծխախոտի նկատմամբ, եթե անըննդհատ ստիպված են լինում ներշնչել շրջապատից եկող ծուխը:
          Հաստատված է, որ ծխելը մեծացնում է թոքերի տուբերկուլյոզով հիվանդանալու ռիսկը: Ծխախոտի պարբերական օգտագործման հաջորդ վտանգը` բրոնխերի քաղցկեղի առաջացումն է, որը ծխողների մոտ հանդիպող բավականին լուրջ հիվանդություն է: Բրոնխի քաղցկեղի առաջացումը կախված է նաև ծխախոտի խեժի անմիջական ազդեցությամբ, որը պարունակում է կանցերոգեն (քաղցկեղաստեղծ) նյութեր:
Ծխողների մոտ մարսողական օրգանների փոփոխությունները նույնպես նշանակալի են և հաճախակի  հանդիպող: Նախ և առաջ, դա վատ, մրից շագանակագույն-սև դարձած ատամներն են,  հիմքի մոտ կամ ամբողջ մակերեսով սպիտակ-մոխրագույն փառով պատված և հաճախ չոր լեզու, բերանից եկող տհաճ հոտ: Ծխողների մոտ հաճախ է հայտնաբերվում գաստրիդ, որի զարգացման գործում մեծ նշանակություն ունեն հիպերթքարտադրությունը` թքագեղձերի գրգռման արդյունքում, թքի չափից շատ դուրսհանումը, ինչպես նաև թքի կլումը նիկոտինի, խեժի և ծխի հետ միասին: Ըստ վիճակագրության, ծխողների մոտ առավել հաճախ են զարգանում էրոզիաներ, խոցեր 12-մատնյա աղում և ստամոքսում, ինչպես նաև ստամոքսի քաղցկեղ:
            Ծխող կանանց մոտ նկատվում է վաղ դաշտանադադար: Հղիության ընթացքում ծխելը նպաստում է պտղի և ընկերքի  հյուսվածքերում պրոկանցերոգենների բիոակտիվացիային և 50-60%-ով մեծացնում է մոտակա տարիներին երեխաների մոտ օնկոլոգիական հիվանդությունների զարգացման ռիսկը:
Որոշ հեղինակներ նշում են տղամարդկանց մոտ պոտենցիայի նվազում, էրեկցիաների թուլացում, ինչը կախված է գոտկային հատվածների ողնուղեղային կենտրոնների վրա թողած նիկոտինի անբարենպաստ ազդեցության հետ և նրա անոթասեղմիչ ազդեցությամբ առնանդամի արյան շրջանառության վրա: Ծխելը թողնում է նաև բացասական ազդեցություն տղամարդու վերարտադրողական ֆունկցիայի վրա` ազդելով տեստիկուլյար ֆունկցիայի և սպերմատոգենեզի վրա: Նիկոտինն ի զորու է լինում արգելափակել անդրոգենների ձևավորումը և ազդել համապատասխան հորմոնի արտադրության վրա:
Քանի որ ծխողների մոտ ախտահարված են շատ օրգան-համակարգեր, հետևաբար զարմանալի չէ, որ նրանք հակված են նիհարելու: Ծխելը նպաստում է ոսկորի մասսայի կորստին և նրա հանքային նյութերով ապահովման նվազմանը:
Առաջին ծուխը ներշնչելուց արդեն 7 վրկ. հետո գլխուղեղ է ներմուծվում ներշնչած նիկոտինի 1/4-ը և «վերահսկում» է ծխողի  տրամադրությունն ու գործունեությունը: 
           Այնուամենայնիվ, յուրաքանչյուրն ինքն է որոշում` վաղաժամ հյուծման ենթարկել օրգանիզմը, թե փորձել ծխախոտը փոխարինել առողջ ապրելակերպով: Ծխելը թողնելու որոշում կայացնելու դեպքում երբեք չպետք է մոռանալ ծխախոտից ծխողի ունեցած հոգեբանական պահանջի մասին, չէ՞ որ այսքան ժամանակ ծխախոտը  եղել է իր ապրելակերպի մի մասը և ունեցել է ծխողի համար մի շարք այլ սուբյեկտիվ «առավելություններ»: Հաճախ հոգեբանական պահանջը ծխախոտից առավել շատ է նկատվում, քան ֆիզիոլոգիականը: Այդ պատճառով, ծխելը թողնել ցանկացողներին խորհուրդ է տրվում ունենալ ծխելը թողնելու սեփական և հիմնավորված որոշում` շատ անգամ գնահատված և վերանայված, որը կհիմնվի փաստերի վրա և կբխի սեփական շահերից:   



Комментариев нет:

Отправить комментарий